Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ մասին

Հավատում եմ հրաշքներին…

Նստած ես պատուհանի կողքին, իսկ պատուհանի այն կողմում ձմեռն իր ճերմակ գունապնակն է տարածել շորջբոլորը: Ձմռան շունչը մեզ հուշում է, որ Նոր տարին մոտ է, իսկ միտքը սավառնում է ապրած տարիների ջերմ հիշողություններում և հնարավորություն տալիս ևս մեկ անգամ թերթել հուշատետրը և վերապրել անցած ուղին…

Դպրոցական շրջանը կարող եմ բաժանել երկու փուլի՝ մինչև Մխիթար Սեբաստացի գալը և ժամանումից հետո այս դպրոցում սովորելը։ Սեբաստացի դառնալը ինձ համար առաջին իսկ օրվանից հաճույք էր, քանի որ ծանոթացա ընկերներիս հետ, ովքեր դարձան վառ առօրյայիս բաղկացուցիչ մասը։ Երեք տարվա ընթացքում դառնում ենք, կարծես՝ «հարյուր տարվա ընկերներ», բայց և նույն երեք տարին այնքան արագ է թռնում, ասես թե ժամանակը շտապում է թերթել հին տարվա էջերը և նոր մտքերով ու նպատակներով լի գլուխ սկսել։

Ինչ խոսք, այս տարին չէր ափսոսացել և շատ անսպասելի ու արկածային ճանապարհներ էր բացել իմ առջև, ինչը համարում եմ մեծ հաջողություն և անմոռանալի հիշողությունների անսպառ պաշար։ Յուրաքանչյուր տարին յուրահատուկ է՝ ընթացքում ապրած էմոցիաներով, նվաճումներով և նոր զարգացումներով առատ։

Չնայած, արդեն նշեցի ամեն տարվա ինքնատիպ լինելը, համոզված եմ, որ գալիք տարին ամենատարբերվողներից է լինելու։ Բոլորս մեծ քայլ ենք կատարում դեպի նոր ուղի, որը դեռ չենք տեսել, որով դեռ չենք անցել…Այս տարին խոստանում է լինել առատ նոր փորձություններով, նոր դռներ բացել մեր առջև, օգնել բացահայտել մեր նոր ունակությունները և իհարկե գործել անսպասելիորեն։

Posted in Գրականություն, Իմ մասին

Ես եմ …

Բարև, ես Մանեն եմ։ Չորս ամիս է, ինչ հաճախում եմ Մխիթար Սեբաստացու ավագ դպրոց և արդեն հասցրել եմ սիրել դպրոցը, մասնակցել որոշ միջոցառումների և կատարել նախագծեր։

Փոքր-ինչ ներկայացնեմ նոր դպրոցս. առաջին հերթին՝ Մխիթար Սեբաստացի դպրոցն առանձնանում է իր ուսումնական ծրագրով։ Այստեղ յուրաքանչյուր դաս անցկացվում է յուրահատուկ։ Մեզ հնարավորություն է տրվում ուսումնասիրել տարբեր ոլորտներ, և հետագայում ավելի հեշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում։ Ընտրության շնորհիվ այժմ սկսել եմ ուսումնասիրել սիրածս լեզուներից մեկը՝ իսպաներենը։

Առաջին իսկ օրվանից շատ սիրեցի դպրոցը։ Աշակերտները մեծ ջերմությամբ ընդունեցին մեզ և մենք շատ շուտ ընտելացանք այս հաճելի միջավայրին։ Ուրախ եմ, որ այժմ Սեբաստացիների մի մասնիկն եմ։)

Մենք աշխատում ենք մեր բլոգներում և կատարում մի շարք հետաքրքիր նախագծեր։ Ներկայացնեմ իմ կատարած նախագծերից մի քանիսը, որոնք ես շատ եմ հավանել. Գրականության դասին մենք ունեցանք օնլայն քննարկում, ժամանակակից գրող Մհեր Իսրայելյանի հետ և կարդացինք նրա պատվածքներից մեկը՝ «Երկնքից թափվող ընկույզներ»։ Ուսումնասիրեցի նաև համաշխարհային կրոնները։ Շատ հետաքրքիր էր իմանալ մարդկանց կողմից ստեղծված հրաշքներից մեկի՝ Easter Island մասին։ Ընկեր Ելենայի հետ «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում ունեցանք փոքրիկ ճամփորդություն Երևանի տերևաթափ փողոցներով ու ևս մեկ անգամ հիացանք ոսկե աշնան գունապնակով։ Այժմ ընթացքի մեջ է իսպաներենի նախագիծը՝ Սևակյան սիրո և խաղաղության մասին։ Վստահ եմ, որ այն հիանալի է ստացվելու։

Մեր ուսուցիչները նույնպես վարում են իրենց բլոգը։ Ընկեր Ելենայի բլոգում, բացի ուսումնական նյութերից, կարելի է տեսնել նաև շատ գեղեցիկ նկարներ՝ արված հենց իր կողմից։ Իսկ Ընկեր Վիկտորիան հետաքրքիր նյութեր է տեղադրում դպրոցում կատարվելիք միջոցառումների վերաբերյալ։

Դպրոցս օրեցօր ավելի եմ սիրում, քանի որ ամեն անգամ տուն եմ վերադառնում մի նոր բան իմացած, ուսումնասիրած, քննարկած։