Posted in Ռադիոնյութեր, Գրականություն

Վահագն Դավթյան

Ասույթներ Վահագն Դավթյանի մասին

ԵՌԱԳՈՒՅՆԸ ՇՈՒՇՎԱ ԲԵՐԴԻՆ

ԵՎ չտեսան, և չտեսան, նրանց աչքերն արնոտ ու կույր,

Որ դու Արցախ, ոչ թե մի բուռ, այլ բռունցք ես պղնձակուռ:

ԵՎ չտեսան, և չտեսան, որ Դեր-Զորից այն հեռավոր,

Պատռած պատանքն իր ավազե, ելավ մանուկ մի թևավոր,

Ելավ մանուկ մի հրաչյա, չքնաղ նման հրեշտակի,

Որ իր փոքրիկ բռունցքներով նախ երկնքի դուռը թակի,

Ապա մաքուր իր ձեռքերով առած նշխարն արդարության,

Իջնի Արցախ շրթունքներին երգը, ոխի ու հարության.

.Թրքաց մայրեր թող լան ու դուն

. Ուրախ լուրեր տար ի Զեյթուն…

ԵՎ չտեսան, և չտեսան, որ դարձած լույս, դարձած ոգի,

Նորից Նժդեհն է արշավում, նման մի նոր Սուրբ Գևորգի,

Որ բոցերից Սումգայիթի ելնում աղջիկ մի սիրասուն,

Ելնում փխրուն ու բարալիկ, բայց և ահեղ , որպես ցասում,

Որ ելնում են ամեն կողմից ֆիդայիններն այս ոգեղեն,

Դառնում անտես մի զորագունդ, թշնամու դեմ դառնում գեհեն:

ԵՎ եռագույնն են ծածանում մեր հինավուրց Շուշվա բերդին

Վրեժի շանթն աչքերի մեջ, վրեժի երգն իրենց շուրթին.

.Թրքաց մայրեր թող լան ու դուն

. Ուրախ լուրեր տար ի Զեյթուն…

Ներե՛ք, տղերք, Ձեզ բոլորիդ ես չգիտեմ անուն-անուն,

Բայց շուրթերիս ամեն մեկիդ փառքի երգն է հասունանում,

Լոկ քեզ գիտեմ, քեզ քա՛ջ Մոնթե, սակայն գիտեմ, իբրև լեգենդ,

Գիտեմ, որ դու խոնարհ ու հեզ, բայց կռվի մեջ կրակ ես խենթ:

ԵՎ քեզ գիտեմ, քա՛ջ Անդրանիկ, մաքրամաքուր դու լույսի սյուն,

Դու անմարմին, որպես Հիսուս և էպոսի նոր դյուցազուն.

Երդումի պես Ձեր շուրթերին հնչեց նորից երգն առնացի,

Որ երգն է սուրբ մեր քարեղեն ու ոգեղեն առեղծվածի,

.Թրքաց մայրեր թող լան ,ու դուն

. Ուրախ լուրեր տար ի Զեյթուն..

Փա՛ռք քեզ Հայոց անմահ ոգի, փառք հառնումին քո հիասքանչ,

Դու լույսի սերմ, ցայգածաղիկ, լեռան աղբյուր ու հողի կանչ,

Ծիրանի ծառ դու ծաղկավոր ու շեկ ժայռից բխած գիհի,

Երկինք միտող տաճար ու վանք և խորություն անհուն վիհի,

Համբերություն որձաքարի. և կայծակի դու շառաչյուն,

Դու նորածին հուրհեր մանուկ և հերոսի դեռ տաք աճյուն,

ԵՎ քանի դեռ սուր են խրում քո սրտի մեջ ու քո վերքի,

Քո շուրթերին թող չլռի՛ վրիժառու տողն այս երգի

.Թրքաց մայրեր թող լան, ու դուն

. Ուրախ լուրեր տար ի Զեյթուն…