Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ մասին

Հավատում եմ հրաշքներին…

Նստած ես պատուհանի կողքին, իսկ պատուհանի այն կողմում ձմեռն իր ճերմակ գունապնակն է տարածել շորջբոլորը: Ձմռան շունչը մեզ հուշում է, որ Նոր տարին մոտ է, իսկ միտքը սավառնում է ապրած տարիների ջերմ հիշողություններում և հնարավորություն տալիս ևս մեկ անգամ թերթել հուշատետրը և վերապրել անցած ուղին…

Դպրոցական շրջանը կարող եմ բաժանել երկու փուլի՝ մինչև Մխիթար Սեբաստացի գալը և ժամանումից հետո այս դպրոցում սովորելը։ Սեբաստացի դառնալը ինձ համար առաջին իսկ օրվանից հաճույք էր, քանի որ ծանոթացա ընկերներիս հետ, ովքեր դարձան վառ առօրյայիս բաղկացուցիչ մասը։ Երեք տարվա ընթացքում դառնում ենք, կարծես՝ «հարյուր տարվա ընկերներ», բայց և նույն երեք տարին այնքան արագ է թռնում, ասես թե ժամանակը շտապում է թերթել հին տարվա էջերը և նոր մտքերով ու նպատակներով լի գլուխ սկսել։

Ինչ խոսք, այս տարին չէր ափսոսացել և շատ անսպասելի ու արկածային ճանապարհներ էր բացել իմ առջև, ինչը համարում եմ մեծ հաջողություն և անմոռանալի հիշողությունների անսպառ պաշար։ Յուրաքանչյուր տարին յուրահատուկ է՝ ընթացքում ապրած էմոցիաներով, նվաճումներով և նոր զարգացումներով առատ։

Չնայած, արդեն նշեցի ամեն տարվա ինքնատիպ լինելը, համոզված եմ, որ գալիք տարին ամենատարբերվողներից է լինելու։ Բոլորս մեծ քայլ ենք կատարում դեպի նոր ուղի, որը դեռ չենք տեսել, որով դեռ չենք անցել…Այս տարին խոստանում է լինել առատ նոր փորձություններով, նոր դռներ բացել մեր առջև, օգնել բացահայտել մեր նոր ունակությունները և իհարկե գործել անսպասելիորեն։

Leave a comment